ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երեխաների հետ հանդիպումը հուսադրում է»

«Երեխաների հետ հանդիպումը հուսադրում է»
13.12.2012 | 17:33

«Սայաթ-Նովայի» անվան երաժշտական դպրոցում հերթական հանդիպումն էր կազմակերպվել մշակույթի նշանավոր գործիչներից մեկի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի հիմնադիր և ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Դանիել Երաժիշտի հետ: Հանդիպումը, որը ավանդական բնույթ է կրում, իրականացվում էր «Երաժշտական մոլորակ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի հեղինակ Նաիրա Գրիգորյանի խոսքով, որը նաև դպրոցի տեսական բաժնի ուսուցչուհին է, նման հանդիպումները, որպես գործոն, խիստ կարևոր և օգտակար են երեխաների գեղագիտական դաստիարակման, ճիշտ աշխարհընկալման համար, քանզի «միայն դասընթացներով չէ, որ երեխան պետք է սիրի և սովորի երաժշտությունը, նա պետք է նաև ճանաչի այն արվեստագետներին, որոնց ստեղծագործությունները կատարում է»:
Դանիել Երաժիշտի կարծիքով էլ, նման հանդիպումները թերևս ոչ պակաս կարևոր են հենց իրենց` արվեստագետների համար: Այն ոչ միայն երեխաներին է «ինչ-որ բան» տալիս, այլև իրենց: Նրա խոսքով, եթե երեխայի համար այդ շփումը զուտ ճանաչողական, տեղեկատվական նշանակություն ունի, ապա իրենց համար` մեկ այլ. «Նայելով և լսելով այս երեխաներին` հրճվում եմ, որովհետև զգում եմ` մեր սկսած գործը հարատևելու է: Մենք` մշակույթը կրողներս, մեր արժեքները համարձակ կարող ենք փոխանցել գալիք սերնդին: Նայում եմ ու մտածում, որ նրանք ոչ միայն կփոխանցեն, այլև կշենացնեն: Երեխաների հետ հանդիպումը ինձ հուսադրեց` այն գործը, որին դու նվիրվել ես ողջ կյանքում, անապատի գետի պես չի կորչի ավազի մեջ, այլ կհորդի ու էլ ավելի կվարարի»:
Երեկոյի ընթացքում Դանիել Երաժիշտը հումորախառն ու իրեն բնորոշ «բառուբանով» պատասխանեց դպրոցի աշակերտների հարցերին, դահլիճում մինչև վերջ պահպանելով ուրախ և ջերմ մթնոլորտ:
Հարցին, թե` «Դուք զբաղվում եք ստեղծագործությամբ, հրատարակչությամբ և երաժշտությամբ, ո՞րն է ավելի հոգեհարազատ», արվեստագետը պատասխանեց` «Բոլորն էլ հարազատ են, և մեկը մյուսի հետ ներդաշնակ: Բոլոր հնարավոր ակունքներից էլ պետք է սնվել»:
Դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը ափսոսանք հայտնեց, որ նման մարդիկ, ինչպիսին Դանիել Երաժիշտն է, չեն «օգտագործվում» ամբողջությամբ.«Ես չեմ ասում` չեն գնահատվում, այլ չեն օգտագործվում, գոնե 70 տոկոսով»: Նրա կարծիքով` այսօրվա սերունդը, որը մի փոքր խեղված է ուրիշ ուղղությամբ, դեռ շատ բան ունի սովորելու նման արվեստագետներից, ուստի պետք է շատ շփվել նրանց հետ, իմանալու համար, որ կյանքում չափանիշները այլ են:
Երեկոյի ավարտին դպրոցի կրտսեր երգչախումբը կատարեց Կոմիտասի «Պուճուր աղջիկ սևավոր», «Այ տղա մեր գեղեցի», «Սև ա Չոբանի շուն» խմբերգերը` շրջազարդված կոմպոզիտորի «Մանկական նվագներից» փոքրիկ հատվածներով: Իսկ դպրոցի վոկալի ուսուցչուհի Արմինե Մկրտչյանն իր կատարումներով հիացրեց հյուրերին:
Չմոռանանք` Դանիել Երաժիշտը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի գրադարանին նվիրաբերեց իր ստեղծագործություններից մի շարք երաժշտական ժողովածուներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ